ՌԴ արտգործնախարարության խոսնակը կրկին պնդում է հայ-ադրբեջանական սահմանը ճշգրտելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր կայացած բրիֆինգում ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցության ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին և նշել, որ խնդրի կայուն և երկարատև լուծման համար պետք է շուտափույթ սկսել այդ աշխատանքները։

Նրա խոսքերով՝ ներկայումս շարունակվում են շփումները արտաքին քաղաքականության և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների մակարդակով, այդ թվում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով։

Զախարովան կրկնել է նախկինում հայտնած դիրքորոշումը, թե հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, այլ հանդիսանում է սահմանի չճգրտման հետևանք։