Սևամորթ Էրիկ Ադամսը՝ Նյու Յորքի քաղաքապետի դեմոկրատների թեկնածու

Նյու Յորքի փողոցներից մեկը, արխիվ

Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու համար դեմոկրատների ներկուսակցական պայքարում հաղթել է Բրուքլինի շրջանի ղեկավար Էրիկ Ադամսը։ Թվիթերյան գրառմամբ նա պատիվ է համարել լինելու դեմոկրատների թեկնածուն և ընտրողներին շնորհակալություն հայտնել աջակցության համար։

Ոստիկանության նախկին աշխատակից Ադամսը որպես Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու իր առաջնահերթություններից է համարում հանրային անվտանգության ապահովումը։

Դեմոկրատների փրայմերիզում մրցում էին 13 թեկնածուներ, վերջնական արդյունքները հայտի են դարձել երեկ, իսկ հանրապետականների ներկուսակցական պայքարին մասնակցել է ընդամենը երկու թեկնածու։ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար հանրապետականներից ընտրվել է Կուրտիս Սիլվան։ Նա «Պահապան հրեշտակներ» կոչվող կամավորական կազմակերպության հիմնադիրն է, որի նպատակներից է հանցավորության դեմ պայքարը։

Գալիք նոյեմբերին կայանալիք Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններից առաջ հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատների սևամորթ թեկնածուն զգալի առավելություն ունի հանրապետականների թեկնածուի հանդեպ։