«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում, ինչի կապակցությամբ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դրանում նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնել: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նաև հայտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը, այդ թվում՝ դրանց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վ. Գաբրիելյանի հնարավոր առնչությունը: