Ադրբեջանցիները ՀՀ տարածքում խրամատ ու ճանապարհ են կառուցում․ Վերին Շորժայի գյուղապետ

Հայկական տարածքներ մխրճված ադրբեջանցիները հիմա էլ ակտիվ շինարարություն են անում, խրամատ ու ճանապարհ կառուցում։

«Մեր հողն ա։ Բայց էդ հատվածի վրա իրանք աշխատում են, աշխատանքներ են կատարում, տեղաշարժում են իրենց խրամատները, -ճանապարհ են գցում, որ հիմա արդեն, որ խրամատից խրամատ մեքենաներով գնան․․․ Եթե հայկական տարածքում իրանք ամսի 12-ից նստած են, ինչ ուզում են, էն էլ անում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդենիսի տարաշածրջանի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նա հավելեց, որ ադրբեջանցիները զավթել են գյուղի արոտավայրերը, առաջ գալու տեղ այլևս չունեն․ - «Եթե նրանք պետք ա գան առաջ, ուրեմն մենք պիտի Շորժան թողենք։ Դա էլ հնարավոր բան չէ»։

Նորաբակի արդբեջանցիներն էլ երեք օր է երկու բուլդեզերով ճանապարհ են հարթում։ Համայնքապետ Վազգեն Ասատրյանն ասում է՝ գյուղի բարձունքից ադրբեջանցիներն արդեն իջել են ներքև, դեպի Նորաբակ․ - «Համարյա երրորդ օրն ա, էլի ահագին իջել են։ Էնտեղ մենք հին անասնագոմեր ունենք կոլխոզի ժամանակվա։ Իջել են մինչև էնտեղ։ Տրակտորներ են էկել, ճամփա են սարքում․․․ Էսի երրորդ օրն ա, որ էդ բուլդոզերներն իջել են, իրանց պալատկա-մալատկա բերել-դրել։ Ոնց որ նոր պոստ են ավելացրել»։

Ադրբեջանական տրակտորը անդադար աշխատում է նաև Կութի արոտավայրերում ու խոտհարքներում։ Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը շարժին հեռադիտակով է հետևում․ - «Հեռվից նայելով տեսնում ենք, որ կա։ Թմբեր կա, պարզ չի՞, որ իրանց խրամատներն ա։ Տրակտոր էլ ա աշխատում․․․ որտեղ կանգնած են, ընտեղ աշխատում են»։

Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ապօրինի ներկայության վերաբերյալ դարձյալ ահազանգ է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը․ - «Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են»:

ՄԻՊ գրասենյակը երեկ էլ տեղեկություն էր ստացել, որ ադրբեջանցիները մեքենաներով իջնում են դեպի Վերին Շորժայի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերն ու գյուղացիներն արածեցնում են իրենց անասուններին։ Նրանք ցինիկ պահվածք ունեն, զենքի ցուցադրմամբ սպառնում են մարդկանց։

«Վերին Շորժայում հիմնականում իմ անասնագլխաքանակն ա, ես ֆերմա ունեմ։ Եթե նման բան լիներ, իմ անասնապահը ինձ անձամբ կասեր», - ասում է գյուղի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը՝ հավելելով, թե ադրբեջանցիների հետ շփում մեր անասնապահները վերջին շրջանում չեն ունեցել, քանի որ հոտը դեպի նրանց տեղակայման վայրեր չեն տանում՝ հենց անվտանգությունից ելնելով․ - «Նման դեպք չկա, Շորժայից տենց բան չի ստացվել։ Բայց էդ վերևի կողմերը, որտեղ իրանք նստած են, բնականաբար, մեր Վարդենիսի անասունները չեն կարա էդ հատվածները արածացնեն»։

Կութում էլ անասնապահությամբ զբաղվողներն իրենց կյանքը ռիսկի չեն ենթարկում և անասուններին սովոր արոտավայրերը չեն տանում․ այնտեղ ադրբեջանցիներն են և հայ հովվին տարածքից դուրս են հրավիրել դեռ մայիսի 13-ին։

«Էտի շատ շուտ ա եղել, շատ շուտ։ Որ եկել են ասել՝ ձեր անասունը ստեղից տարեք, ստեղ անասուն չբերեք։ Բայց նոր դեպք տենց չի եղել։ Թաթոյանը որ եկել ա մեր գյուղը, հենց էդ անասնապահին էլ կանչեցինք, եկավ, ասեց ոնց են իրան ասել՝ անասունները ստեղից տար», - փոխանցեց Սիմա Չիթչյանը։

«Մենք այստեղ երկու տեսակի իրավիճակ ունենք։ Առաջինը, երբ ադրբեջանական զինվորները ֆիզիկապես ներկա են մեր կոնկրետ արոտավայրերում, տարածքներում կամ ջրային պաշարի վայրում, որտեղ լինի։ Երկրորդը, երբ նրանք նշանառության տակ են պահում իրենցից անմիջական դիտարկման ներքո գտնվող վայրերը՝ արոտավայրը և այլն», - նշում է Արման Թաթոյանը։

Պաշտպանի մյուս բոլոր մտահոգությունների հետ համայնքապետերը համաձայն են․ իրենք ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են, զրկված հիմնական գործով՝ անասնապահությամբ զբաղվելու հանրավոորւթյունից։

Արտյոմ Երանոսյանի խոսքով, Ադրբեջանի հսկողության տակ են նաև Վարդենիսի մի շարք գյուղերի ջրային պաշարները․ - «Մեր հիմնական ոռոգման ջրերը որ կա, ամբողջը իրենց մոտ ա, որտեղ նստած են իրանք»։

Տարբեր հասցեներից հնչող մտահոգությանը զուգահեռ, Ադրբեջանը ակտիվացրել է ինժեներական աշխատանքները Հայաստանի վարչական տարածքներում, խրամատ ու ճամփա են սարքում Կութում, Նորաբակում, Վերին Շորժայում։