ՄԱԿ-ի ՊՀԾ-ը Ֆրանսիայից ստացած 300 հազար եվրոյով կաջակցի Ղարաբաղյան պատերազմից տուժած՝ պարենային առումով անապահով անձանց

Քարվաճառի բնակիչները հեռանում են Ադրբեջանին հանձնված շրջանից, նոյեմբեր, 2020թ․

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Ֆրանսիայի կառավարությունից ստացել է 300 հազար եվրոյի ներդրում, որը կօգնի ՊՀԾ-ին դրամական փոխանցումների միջոցով աջակցել Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց՝ մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի անհապաղ կարիքները:

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև դրական ազդեցություն կունենան տեղական տնտեսության վրա: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու ընձեռված հնարավորությունը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա:

Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն Հայաստանի կառավարության ձեռնարկած ազգային ջանքերի, որպեսզի ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց: Օգնությունը միտված է աջակցելու այն անձանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում, և կօգնի նրանց հաղթահարել առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները:

«Մենք ուրախ ենք Հայաստանում Ֆրանսիայի կառավարության հետ նոր գործընկերություն հաստատելու համար և երախտապարտ ենք այս անգնահատելի ներդրման համար, որը կօգնի մեզ աջակցել անապահով բնակչությանը: Դա կարելի է անել միայն համատեղ ջանքերի շնորհիվ», - ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը:

«Ֆրանսիայի կառավարությունը հպարտ է մասնակցելու ՊՀԾ-ի ջանքերին` Հայաստանում առավել խոցելի անձանց օգնություն ցուցաբերելու գործում: ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կապահովի, որ մեր օգնությունը հասնի առավել կարիքավորներին ողջ երկրով մեկ», - ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: