Այս տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշվում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը

Ալեքսանդր Սպենդիարյանը արձանը Երևանում։

1977 թվականից ֆրանսիական մի շարք թանգարանների նախաձեռնությամբ և Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով մայիսի 18-ը հաստատվեց որպես Թանգարանների միջազգային օր՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր մարդկանց անվճար այցելել թանգարաններ, և այդպիսով մեծացնելով թանգարանների դերը հանրության կյանքում:

Տարիներ անց նույն նպատակով կրկին ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ հաստատվեց նաև Թանգարանային գիշեր ակցիան, որի ընթացքում թանգարանները ամենատարբեր միջոցառումներով կրկին անվճար իրենց դռներն են բացում հազարավոր այցելուների առաջ:

Այս տարի, համավարակով պայմանավորված, Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշեր ակցիան նշվելու են նույն օրը՝ մայիսի 18-ին:

Հայաստանի թանգարանները ևս վաղը մինչև կեսգիշեր անվճար կբացեն իրենց դռները այցելուների առաջ ՝ ներկայանալով նաև բազմաբնույթ միջոցառումներով: Գաղտնիք չէ, որ այս երկու իրադարձությունները Հայաստանում տարիներ շարունակ մեծ մարդկանց էին ներգրավում թանգարաններ, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատակիցներով շատ ուշագրավ միջոցառումներով են մշտապես հանդես եկել:

Այդ թանգարաններից է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով, այս տարի փոխվել է թանգարանի միջոցառումների բնույթը․ - «Ամեն տարի մենք շատ ավելի երաժշտական բնույթի միջոցառումներ էինք ունենում, այս տարի, քանի որ համավարակի հետ մենք կյանք մտավ նաև առցանց գործունեությունը, մենք օրը կսկսենք առավոտյան Մարինա Սպենդիարովայի «Սպենդիարով» դոկումենտալ ֆիլմի առցանց ցուցադրությամբ։ Որից հետո մենք նորից առցանց կհեռարձակենք լսողության խնդիրներ ունեցող երեխաների տուն-թանգարանում ունեցած էքսկուրսիան։ Դրանից հետո Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում, որտեղ գրեթե ամեն տարի անցկացնում ենք Թանգարանային գիշերը, այս տարի էլ ժամը 3-ին սպենդիարյանական թեմատիկայով փազլի մրցաշար ենք անցկացնելու։ Դրանից հետո ժամը 18-ին մենք անց ենք կացնում «Երևանյան էտյուդներ» լուսանկարչական ցուցահանես։ Այս ցուցահանդեսը դեռևս մեկ ու կես ամիս առաջ հայտարարել էինք՝ երևանյան միջավայրի լուսանկարչական մրցույթ, և այդ օրը մենք ամփոփելու ենք։ Պրոֆեսիոնալ ժյուրիի հավանության արժանացած լուսանկարները կցուցադրեն, իսկ դրանցից լավագույնները իհարկե կարժանանան մրցանակների»։

Կարծում եմ, շատերն են տեղյակ, որ այս տարի նշվում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, և թանգարանն էլ, բնականաբար, ամբողջովին ներգրավված է հոբելյանական միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում:

Մարինե Օթարյանի խոսքով, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անում են ամեն բան հավուր պատշաճի նշելու մեծ կոմպոզիտորի հոբելյանը․ - «ՅՈւՆԵՍԿՕ-ն արդեն ընդունել է Սպենդիարյանի 150-ամյակը, և պետական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները անցնելու են ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Մենք արդեն սկսել ենք միջոցառումները և տարին ամբողջությամբ նվիրելու ենք կոմպոզիտորի 150-ամյակին։ Մի քանի օր առաջ, նրա հիշատակի օրը բավականին մեծ համաքաղաքային միջոցառում անցկացվեց կոմպոզիտորի անունը կրող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պուրակում, որտեղ հանգչում է նրա աճյունը։ Թանգարանային գիշերի «Երևանյան էտյուդներ» լուսնակարչական ցուցահանդեսը նույնպես նվիրում ենք նրա 150-ամյակին։ Դուք գիտեք, որ Պետական սիմֆոնիկ նվագախումբը ամսի 17-ին կատարելու է Սպենդիարյանի հնչած և վերջին տարիներին չհնչած սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Ամբողջ բլոկը Սպենդիարյանի 150-ամյակի միջոցառումների տարբեր ուղղություններով է։ Դա և՛ երաժշտական ուղղվածություն ունի, և՛ գիտաժողովներ, և՛ հրատարակչական աշխատանք։ Իհարկե շատ կարևորել ենք նաև կրթական ծրագրերը, և ուրախությամբ պետք է նշեմ, որ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ակտիվ մասնակցությամբ, հանրակրթական բոլոր դպրոցներում հայտարարված է սպենդիարյանական տարի, արվեստի դպրոցներում։ Եվ արդեն կարող եմ ասել, որ երկու տասնյակից ավել դպրոցներ իրենց անդրադարձը ունեցել են այդ նշանավոր հոբելյանին»։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը նշեց, որ կոմպոզիտորի հոբելյանը կնշվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Լոնդոնում, Թիֆլիսում, Ղրիմում, Մոսկվայում: Այս տարվերջին թանգարանը կհրատարակի կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնասկավառակ պարունակող մի շատ ուշագրավ պատկերագիրք։

«Դրանում զետեղված կլինեն կոմպոզիտորին վերաբերող նյութեր, որոնք պահվում են ոչ միայն Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆոնդերում, այլև Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Այնպես որ, մենք համագործակցել ենք բոլոր այն արխիվների և ֆոնդերի հետ, որտեղ պահվում է սպենդիարյանական գեթ մեկ մասունք։ Բացի դրանից, արդեն ամսի 26-ին Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում կկայանա հատուկ համերգ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և կցուցադրվի Սպենդիարյանի Երևանի տուն-թանգարանի աշխատողների կողմից ներկայացված փաստագրական տեսանյութ։ Բացի դրանից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մի հրաշալի համերգ է պատրաստում։ Ծրագրերը շատ են։ Միայն խաղաղություն լինի, մեր հոգիները խաղաղ լինեն, և մենք կարողանանք իրականացնել այս բոլոր ծրագրերը»։