Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, Այվազյանը և Լավրովը շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Արա Այվազյանն ընդգծել է «ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը»:

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ: