Պուտինի մերձավոր ուկրաինացի գործարար Մեդվեդչուկին կասկածում են հայրենիքի դավաճանության մեջ

«Ընդդիմադիր պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը գործարար և քաղաքական գործիչ, «Ընդդիմադիր պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկին կասկածում է պետական դավաճանության և ազգային հարստության յուրացման մեջ։ Այս մասին Կիևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Նախաքննական մարմնի պնդմամբ՝ Մեդվեդչուկը ռուսական ուժային կառույցներին է փոխանցել Ուկրաինայի բանակի գաղտնի ստորաբաժանումներից մեկի տեղակայման վայրի մասին տվյալները։ Բացի այդ, ըստ դատախազության, Մեդվեդչուկը 2015 թվականին Ռուսաստանում մի ընկերություն է գրանցել, որին իրավունք է վերապահվել գազ արդյունահանել բռնակցված Ղրիմում գտնվող հանքավայրերից մեկից։

«Այդ քայլով Ուկրաինային բազմամիլիարդ վնաս է հասցվել», - հայտարարել է Վենեդիկտովան։ Ուկրաինայի Գլխավոր դատախազի խոսքով՝ Մեդվեդչուկին ներկայացված մեղադրանքները «բացառապես քրեական են և նրա քաղաքական գործունեության հետ որևէ կապ չունեն»։

Վիկտոր Մեդվեդչուկը հայտնի է իր ռուսամետ հայացքներով և Ռուսաստանի նախագահի հետ ունեցած սերտ անձնական կապերով։ Մեդվեդչուկի դստեր կնքահայրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։