NBC հեռուստակայանը և աստղերը բողոքում են Golden Globes մրցանակաբաշխության դեմ

«Ոսկե գլոբուս» մրցանակը, Լոս Անջելես, արխիվ

NBC հեռուստաընկերությունը չի լուսաբանի 2022 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը կինոարվեստի աշխարհում հեղինակությամբ միայն «Օսկարին» է զիջում:

NBC-ն իր որոշումը բացատրել է մրցանակներ հանձնող ժյուրիի կազմում «ռասայական բազմազանության բացակայությամբ և էթիկական կանոնների խախտումներով»:

Կինոյի և հեռուստատեսության բնագավառում հաղթողներին ընտրում է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ընկերակցությունը, որի կազմում են ավելի քան 5 տասնյակ երկրներ ներկայացնող մոտ 100 լրագրողներ:

Los Angeles Times օրաթերթի փոխանցմամբ, «այդ խմբում չկա և ոչ մի սևամորթ լրագրող, և բացի այդ, ընկերակցության անդամներից շատերը սերտ կապեր ունեն կինոստուդիաների հետ, ինչը կարող է ազդեցություն գործել հաղթողներին ընտրելու հարցում»:

NBC-ի արշավին միացել է աշխարհահռչակ կինոաստղ Թոմ Քրուզն, ով ի նշան բողոքի վերադարձրել է իր վաստակած երեք արձանիկները «Ջերի Մագուայեր», «Մագնոլիա» և «Հուլիսի 4-ին ծնվածը» ֆիլմերի համար: Բողոք է հայտնել Սկառլետ Յոհանսոնը և հայտնի այլ աստղեր:

Netflix, Amazon Studios, WarnerMedia և տասնյակ այլ ընկերություններ սպառնացել են խզել կապերը Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ընկերակցության հետ, վերջինս խոստացել է արմատական բարեփոխումներ անցկացնել:

NBC-ն նշել է, որ ընկերակցությանը ժամանակ է պետք այդ լուրջ աշխատանքն անելու համար, հետևաբար «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը լավագույն դեպքում հնարավոր կլինի լուսաբանել 2023 թվականին: