Ըստ ԱԳՆ-ի՝ Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը «սադրանք է՝ ուղղված հայ-հնդկական բարեկամության դեմ»

Հայաստանի արտգործնախարարությունը մեկնաբանություն է տարածել Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի կապակցությամբ՝ նշելով, թե սա «սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ»:

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում», - ասված է ԱԳՆ հայտարարությունում: