Բայդենի հայտարարությունը Թուրքիայի համար առոչինչ է. Իբրահիմ Քալըն

ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, Թուրքիայի համար առոչինչ է, հայտարարել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Վերջինս պնդել է, թե իրավական առումով միայն միջազգային դատարանը կարող է նման գնահատական տալ:

«Իհարկե, սրան կհետևի քաղաքական պատասխան: Թուրքիայի դիրքորոշումը հստակ է` որևէ մեկը մեր երկրում ցեղասպանության մեղադրանքը չի ընդունելու», - «Ալ Ջազիրա»-ին ասել է Քալընը: Էրդողանի խոսնակը միաժամանակ պնդել է, թե Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը վտանգում է Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրողություններ ստեղծելու ջանքերը:

«Բայդենի անարդար և անհիմն հայտարարությունը նպաստում է, որ առավել բարձր հնչի հայկական սփյուռքի ծայրահեղական հատվածի ձայնը, որը առավել ագրեսիվ է տրամադրված և դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը», - ասել է նա: