Նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` ընդունելով Կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով` հայտարարելով վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Համաձայն Սահմանադրության` վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: