Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական առաջիկա ընտրություններից առաջ կլինի խաղաղ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արխիվ

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական առաջիկա ընտրություններից առաջ կլինի խաղաղ, և ամեն ինչ կանցնի սահմանադրականության շրջանակներում՝ «Նովոյե վրեմյա» պարբերականին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ընդգծելով, որ Մոսկվան այդ գործընթացները դիտակում է որպես Հայաստանի ներքին հարց, Ռուդենկոն միաժամանակ հավելել է․ «Անշուշտ, մենք չենք կարող անմասն մնալ մեր դաշնակից երկրում տեղի ունեցողին, և կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել, գտնել բանական փոխզիջումներ՝ հանուն հայաստանյան հասարակության համախմբման»։

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ փոխարտգործնախարարն ասել է, թե դժվար է գտնել այլ երկրներ, որոնց ղեկավարներն այդչափ սերտ ու արդյունավետ շփումներ ունեն։

«2020 թվականին Պուտինն ու Փաշինյանը ավելի քան 60 հեռախոսազրույց են ունեցել, այս տարվա երեք ամիսների ընթացքում էլ՝ 11»,- ասել է Ռուդենկոն։ Փաշինյանն ու Պուտինը նաև դեմ առ դեմ հանդիպել էին հունվարի 11-ին․ ևս մեկ հանդիպում էլ կունենան հաջորդ շաբաթ՝ ապրիլի 7-ին։