Ճավայի ծովում հայտնաբերվել է հունվարին կործանված օդանավի երկրորդ «սև արկղը»

Ինդոնեզիայի նավատորմի զինծառայողները ջրից դուրս են հանում Sriwijaya Air ընկերության օդանավի բեկորները, Ջակարտայի առափնյա շրջան, 11 հունվարի, 2021թ.

Ջրասուզակները կարողացել են հայտնաբերել և դուրս հանել Ճավայի ծովում այս տարվա հունվարի 9-ին կործանված Բոինգ 737 տեսակի քաղաքացիական օդանավի երկրորդ «սև արկղը»:

Ջակարտա-Պոնտիանակ չվերթն իրականացնող «Սրիվիջայա Էյր» (Sriwijaya Air) ինդոնեզիական ընկերության օդանավի աղետի հետևանքով զոհվել են բոլոր 56 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Boeing 737-500 տեսակի օդանավը վայր է ընկել Ճավայի ծովը՝ օդ բարձրանալուց րոպեներ անց:

Մասնագետների փոխանցմամբ, «սև արկղի» արձանագրած խոսակցությունների վերականգնումը և վերլուծությունը կտևի մոտ մեկ շաբաթ: Այդ «սև արկղը» տեղադրվում է օդաչուների խցիկում և ձայնագրում է անձնակազմի խոսակցությունները:

«Մենք անընդհատ որոնումներ ենք կատարել, փառք Աստծո, անցած գիշեր հաջողվեց հայտնաբերել օդաչուների խցիկի «սև արկղը», որը ծածկված էր տիղմի և ավազի մեկ մետրանոց շերտով», - ասել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարյան:

Նրա խոսքով` երկրորդ «սև արկղը» գտնվել է ոչ հեռու ծովի հատակի այն հատվածից, որտեղ փետրվարին հայտնաբերել են թռիչքի տեխնիկական տվյալները գրանցող առաջին «սև արկղը»:

Վերլուծելով դրա տվյալները` մասնագետները փետրվարին ասել են, որ ըստ նախնական վարկածի, ողբերգության պատճառ է դարձել օդանավի շարժիչի անսարքությունը: