Հայաստանը կմասնակցի Կասպից ծովում ծրագրված հակաահաբեկչական զորավարժություններին

Ղազախստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում, արխիվ

Հայաստանը, ԱՊՀ անդամ ևս յոթ պետությունների հետ միասին, մասնակցելու է այս տարի Ղազախստանում անցկացվելիք հակաահաբեկչական զորավարժություններին։ Այս մասին TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Անդրեյ Նովիկովը։

Զորավարժությունների անցկացումը նախատեսված էր դեռ 2020-ին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Նովիկովի խոսքով՝ "Каспий-Антитеррор" անվանումը կրող զորավարժությունների սցենարի համաձայն ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունները պետք է կանխեն ծովային ենթակառույցներում և նավթագազային օբյեկտներում ծրագրվող ահաբեկչական գործողությունները։

«Զորավարժություններին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի հատուկ ծառայությունները», - տեղեկացրել է պաշտոնյան։

Զորավարժություններին Կասպից ծովի ավազանի ԱՊՀ անդամ մեկ այլ պետության՝ Ադրբեջանի մասնակցության մասին Նովիկովը որևէ տեղեկություն չի հաղորդում։ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը նաև չի հստակեցրել զորավարժությունների անցկացման հստակ ժամկետները։