Եվրոպական տասնյակ երկրներ սառեցրել են AstraZeneca-ի վակցինայի կիրառումը

AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութը, արխիվ

Եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած վակցինայի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր:

Երեկ այդ որոշումն են կայացրել Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, ավելի վաղ AstraZeneca-ի կիրառումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել են Իսպանիան, Դանիան, Բուլղարիան, Բալթյան երեք երկրները, Լյուքսեմբուրգը և Եվրամիության անդամ չհանդիսացող Նորվեգիան ու Իսլանդիան:

Սա ավելի է բարդացնում Եվրոպայում բնակչության պատվաստումը, որն առանց այն էլ դանդաղ է ընթանում դեղամիջոցի պակասի հետևանքով:

Տարբեր երկրներում AstraZeneca-ի պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում նկատվել են արյունահոսություն, տրոմբոցիտների քանակի պակաս և արյան մակարդում:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որի գործառույթն է Եվրոպական միության տարածքում արտոնել դեղորայքի կիրառումը, հայտարարել է, որ եվրոպական 3 տասնյակ պետություններում AstraZeneca-ի վակցինա է ստացել մոտ 5 միլիոն մարդ, և միայն 30 դեպքում է արյան մակարդում գրանցվել, ինչը վիճակագրության տեսակետից չնչին ցուցանիշ է:

Եվ այնուամենայնիվ, այդ կողմնակի բացասական ազդեցությունն անհանգստացնում է թե՛ շարքային բնակիչներին, թե՛ բժիշկներին և թե՛ պետական այրերին:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ պատվաստանյութի կիրառումը սառեցնելու որոշումը համապատասխանում է եվրոպական քաղաքականության կանոններին, դա նախազգուշական միջոց է:

«Հենց Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը կվառի կանաչ լույսը՝ մենք անմիջապես կվերսկսենք AstraZeneca-ի կիրառումը»,- ասել է նախագահ Մակրոնն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ ասուլիսում:

Երկու երկրների ղեկավարները նշել են, որ քննարկում են պատվաստում ստանալու մասին համաեվրոպական փաստաթղթեր թողարկելու խնդիրը: Մարդիկ այդ փաստաթղթերով կկարողանան առանց սահմանափակումների երթևեկել Եվրամիության տարածքում:

«Չէի ցանկանա դա «անձնագիր» անվանել, որովհետև, ի վերջո, մենք Շենգենի գոտում ենք, և երթևեկության ազատությունը կարգավորվում է դրա շրջանակներում: Մեր միակ ցանկությունն է հնարավորինս արագ վերականգնել մարդկանց շարժականությունը, ինչը որոշ սեկտորների, հատկապես զբոսաշրջության համար կենսական նշանակություն ունի»,- ասել է վարչապետ Սանչեսը:

Ոչ միայն Եվրոպան, այլ գործնականում ամբողջ աշխարհն է գտնվում կորոնավիրուսային ճգնաժամի մեջ: Միակ հուսալի ելքը բնակիչների զանգվածային պատվաստումն է, որը սակայն ուղեկցվում է բազում խոչընդոտներով:

Դեղագործական ընկերությունները պարզապես չեն հասցնում պահանջված քանակով վակցինա արտադրել, և երբ հրապարակվում են տեղեկություններ, որոնք կարող են կասկածի տակ առնել միջազգային ճանաչում ստացած այս կամ այն պատվաստանյութի հուսալիությունը և անվտանգությունը՝ անմիջապես խուճապ է սկսվում:

Հենց դրա դեմ է փորձում պայքարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Եվս մի քանի երկիր է դադարեցրել AstraZeneca-ի կիրառումը, որովհետև մի քանի դեպքում գրանցվել է արյան մակարդում: Դա բնավ չի նշանակում, որ մակարդումը հենց վակցինայի հետ է կապված, սակայն բոլոր միջադեպերը պարտադիր ուսումնասիրվում են, դա է ընդունված պրակտիկան»,- ասել է ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը և կոչ է արել վաղաժամ հետևություններ չանել:

AstraZeneca-ն հայտարարել է, որ ամբողջ աշխարհում իր վակցինան ներարկվել է ավելի քան 10-ը միլիոն մարդկանց, և ոչ մի անգամ հարակից բացասական ազդեցություն չի գրանցվել:

AstraZeneca-ն բրիտանա-շվեդական ընկերություն է, որը վակցինան ստեղծել է Օքսֆորդի համալսարանի գիտնականների աջակցությամբ:

Ուշագրավ է, որ Շվեդիան նույնպես միառժամանակ հրաժարվել է վակցինայից, բայց բրիտանացիները պնդում են, որ այն անվտանգ է և արդյունավետ:

«Տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են, վստահ կարող եմ ասել, որ և՛ Բրիտանիայի, և՛ Եվրամիության պատկան վարչությունները, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համոզված են, որ AstraZeneca-ն անվտանգ է, և մարդիկ այն պետք է ընդունեն»,- ասել է Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

AstraZeneca-ից զատ Եվրոպայում կիրառում են Pfizer-BioNTech, Moderna և Janssen ընկերությունների ստեղծած պատվաստանյութերը, որոշ երկրներում պատրաստվում են արտոնել նաև ռուսական և չինական արտադրության վակցինաները:

Եվրոպայի նպատակն է մինչև այս տարվա հուլիս պատվաստել չափահաս բնակիչների 70 տոկոսը: