Վազգեն Մանուկյանին հրավիրել են Քննչական կոմիտե և հարցաքննել․ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը

 «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան, մարտ, 2021թ․

Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մանուկյանը հարցաքննվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով:

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը», և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ընդդիմադիր շարժման վարչապետի թեկնածուն, հիշեցնենք, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնավորապես հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

«Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», - ասել էր Մանուկյանը: