ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արխիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ, հայտնում է Արման Թաթոյանը:

Օմբուդսմեն Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:

«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում», - գրել է Թաթոյանը:

Օմբուդսմենը նշում է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:

Հշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում մեկնարկել է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։