Այվազյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել արցախահայության հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը երեկ՝ մարտի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Այվազյանը Լոուքոքին է ներկայացրել արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Զրույցի ընթացքում կարևորվել է արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ: