ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վաղվանից մտնում է ուժի մեջ

Վաղվանից` մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այն վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից:

Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպաստում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները:

«Մեր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», - նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը:

«Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին: ԵՄ-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկման ուժի մեջ մտնելը՝ մարտի 1-ից մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և կանաչ վերափոխման՝ որպես գերակա ոլորտների խթանման ուղղությամբ, որից կշահեն քաղաքացիները և՝ դրանք են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման բանալին։ Ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը առանցքային են», - նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։