Եվրոպական միությունում գրանցում են կորոնավիրուսի դեմ երրորդ վակցինան

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութը, արխիվ

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն այսօր հայտնել է, որ գալիք շաբաթ կգրանցվի և շուկայում կհայտնվի կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը:

Այն ստեղծել են AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետները:

«Բոլոր հետազոտությունները վկայում են, որ մեր տրամադրության տակ եղած վակցինաների արդյունավետությունը բարձր է, գուցե այն որոշ չափով ցածր է կորոնավիրուսի մուտացիաների դեպքում: Բայց դեղագործական ընկերությունները մեզ հավաստիացնում են, որ ի զորու են կարճ ժամանակամիջոցում անհրաժեշտ փոփոխություններով այդ վակցինաները պիտանի դարձնել նաև մուտացիայի ենթարկված վիրուսի դեմ պայքարում»,- այսօր Փարիզում «Եվրոպա-1» ռադիոկայանին ասել է Շարլ Միշելը:

Եվրոպական միության առողջապահական կառույցները մինչ այդ արդեն գրանցել են Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության, ինչպես նաև Moderna ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութերը:

Բրյուսելը պատվիրել է Pfizer-BioNTech-ի վակցինայի 600 միլիոն դեղաչափ և Moderna-ի վակցինայի 160 միլիոն դեղաչափ: