Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը փակ է, ռուսական կողմում կուտակված է 730 բեռնատար

Մեքենաները Վերին Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ըստ հաղորդագրության, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վկայակոչելով Հայաստանի արտգործնախարարությանը նշում է, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։