Բորիս Ջոնսոնի 80-ամյա հայրը կմնա Եվրոպական միության հպատակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը՝ Սթենլի Ջոնսոնը, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը՝ Սթենլի Ջոնսոնը, մտադիր է ձեռք բերել Ֆրանսիայի քաղաքացիություն: Այդպես Ջոնսոն ավագը ցանկանում է «Բրեքզիթ»-ից հետո պահպանել իր անձնական կապը Եվրամիության հետ:

Սթենլի Ջոնսոնը Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր է, 2016 թվականի հանրաքվեի ժամանակ նա քվեարկել է հօգուտ Եվրամիության կազմում Բրիտանիայի մնալուն:

«Ես ֆրանսիացի եմ, մայրս ծնվել է Ֆրանսիայում, նրա մայրը մաքուր ֆրանսուհի էր, ինչպեսև նրա պապը: Ուստի, ես այսօր ուզում եմ այն, ինչ իմն է, և ես շատ երջանիկ եմ», - ասել է 80-ամյա Սթենլի Ջոնսոնը և ավելացրել, - «Ես միշտ կլինեմ եվրոպացի, ոչ ոք բրիտանացուն չի կարող ասել, թե նա եվրոպացի չէ»:

Բրիտանիան վաղվանից ի պաշտոնե վերջնականապես դուրս է գալիս Եվրոպական միության կազմից: