Անգելա Մերկելը հանդես եկավ իր վերջին ամանորյա ուղերձով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօրվա ամանորյա ուղերձում ասել է, որ 2020 թվականն իր 15-ամյա կառավարման օրոք ամենաբարդ տարին էր:

Նա ասել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը 2021-ը «դարձնում է հույսի տարի»:

«Պատկերացնում եմ, թե որքան են ընկճված նրանք, ովքեր կորոնավիրուսի պատճառով կորցրել են մտերիմներին, կամ հիմա փորձում են հաղթահարել այս վիրուսի ծանր հետևանքները»,- ասել է կանցլերը:

Չթաքցնելով հուզմունքը՝ Գերմանիայի կանցլերը խոսել է նաև իր քաղաքական ապագայի մասին:

«Թույլ տվեք ավարտին մի անձնական նկատառում հայտնեմ՝ ինը ամիս անց Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և ես չեմ առաջադրվի, այսօր ես, թերևս, վերջին անգամ եմ ձեզ դիմում ամանորյա ուղերձով: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այս 15 տարիների ընթացքում մենք երբեք այսչափ դառը և ծանր չենք համարել անցնող տարին, և չնայած մտահոգություններին ու հոռետեսական կարծիքներին, մենք երբեք այսքան մեծ հույսով չենք սպասել նոր տարվա գալստյանը»,- ասել է Մերկելը: