Այս երեկո կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաամանորյա համերգների շարքը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, արխիվ

Վերջին տարիներին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ ավանդաբար հանդես է գալիս նախաամանորյա համերգներով՝ ունկնդիրներին՝ հատկապես երեխաներին, ներկայացնելով Չայկովսկու հանրահայտ «Մարդուկ-ջարդուկ» («Շելկունչիկ») բալետի համերգային կատարումը՝ Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաամանորյա համերգների շարքը, որն այս տարի, ինչպես «Ազատության» հետ զրույցի ընթացքում նշեց նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, յուրահատուկ բնույթ ունի:

«Չորս ներկայացում պետք է տեղի ունենա՝ 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին: Ներկայացումը դա համերգային կատարումն է, Սուքիաս Թորոսյանն այս անգամ կնկարի պլանշետի վրա, կհեռարձակվի պրոեկտորի միջոցով մեծ էկրանի վրա», - նշեց Պադարյանը:

Հավելենք նաև, որ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին լրացավ աշխարհահռչակ Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշանավորեց նրա 5-րդ և 6-րդ սիմֆոնիաների կատարմամբ, սակայն այս տարեսկզբից «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» խորագրի ներքո նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանի կողմից նախատեսված էր նաև Բեթհովենի 9 սիմֆոնիաների ոչ միայն կատարումը, այլև ձայնագրությունն ու տեսանկարահանումը միջազգային լավագույն տեսաձայնագրող կազմակերպությունների կողմից: Սակայն համավարակային և պատերազմական իրավիճակը հնարավորություններ չստեղծեցին իրականացնելու ծրագրվածը՝ հետաձգելով այն արդեն հաջորդ տարի՝ ասաց Արման Պադարյանը՝ նվագախմբի գլխավոր պրոդյուսերը:

«Հույս կա, որ 3-4 ամսում կկարողանանք ավարտել այդ նախագիծը: Դա միայն CD-ի տեսքով չի լինի, մենք պետք է մեր արած աշխատանքը նաև ներկայացնենք միջազգային պլատֆորմաների վրա, այսինքն պլատֆորմաներ կան, որոնք կապահովեն այն որակը, որը չկա, ասենք, նույնիսկ Youtube-ում: Մենք պլանավորում ենք մեր համագործակցությունը ստեղծել, որովհետև այս տարի պանդեմիայի և պատերազմի պատճառով չկարողացան գալ ոչ Եվրոպայից, ոչ էլ Ռուսաստանից ձայնագրող թիմերը, որոնք ունեն բարձր որակի սարքավորումներ, որոնք Հայաստանում չկան», - ասաց պրոդյուսերը: