Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3,7 հազար նոր դեպք

Կորոնավիրուսի վտանգի մասին հիշեցնող պաստառ, Ադրբեջան

Ադրբեջանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը համակարգող շտաբը հայտնել է, որ մեկ օրում գրանցվել է վարակի 3 հազար 705 նոր դեպք: Ընդհանուր հաշվով վարակվածների թիվը գերազանցել է 199 հազար 200-ը:

Անցած օրում վարակից մահացել է 42 մարդ, կորոնավիրուսային հիվանդությունից Ադրբեջանում մահացել է ընդհանուր թվով 2 հազար 175 հիվանդ:

Դեկտեմբերի 19-ի դրությամբ հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 61 հազար 490 մարդ:

Համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ Ադրբեջանի կառավարությունը կարանտինի ռեժիմը երկարաձգել է մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

Ադրբեջանում դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 18-ը փակ են ռեստորանները, սրճարանները և առևտրի կենտրոնները, աշխատում են միայն առաջին անհրաժեշտության ապրանք և պարեն վաճառող խանութները:

Մարդիկ կարող են տներից դուրս գալ միայն SMS-ներով թույլտվություն ստանալու դեպքում: Ելումուտը խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Բաքու, սահմանափակված է: