Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա

Լոռու մարզպետը վաղը հրաժարական կտա։ «Ազատությանը» տված հարցազրույցում Անդրեյ Ղուկասյանը միաժամանակ շեշտեց, որ կշարունակի իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Չի բացառում, որ առաջիկայում կանցնի այլ պաշտոնի։

«Ես վաղը պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել, և այդ որոշումն ընդունվել է քաղաքական թիմի ներսում, և փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում, գուցե այդ փոփոխությունը դրա տրամաբանական շարունակությունն է: Հրաժարականից հետո մնալու եմ թիմի մեջ և սատարելու եմ ամբողջությամբ կառավարությանը` հետագայում չբացառելով որևէ այլ պաշտոն զբաղեցնելը», - ասաց մարզպետը:

«Ազատություն» - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսո՞ւմ է որոշում ընդունվել:

Անդրեյ Ղուկասյան - Այո, որոշվել է թիմի ներսում, որևէ կոնկրետ հանգամանքի հետ կապված չէ, և քաղաքական որոշումը թիմի ներսում ընդունելուց հետո ինձ առաջարկվել է հրաժարականի դիմում ներկայացնել, որը ես ընդունել եմ:

«Ազատություն» - Սրանով ի՞նչ խնդիր է լուծում «Քաղաքացիական պայմանագիրը»:

Անդրեյ Ղուկասյան - Ես նման ձևով չեմ կարող հարցերին պատասխանել: Կարծում եմ, որ կլինի նոր մարզպետ, որը, նշեմ, որ էլի հավանաբար կլինի մեր թիմից, և նոր մարզպետին կարելի է նման հարցադրումներ անել, կարծում եմ:

Լոռու մարզը 2 տարի ղեկավարած Անդրեյ Ղուկասյանն անուններ չի հրապարակում, թե ով կփոխարինի իրեն մարզպետի պաշտոնում. «2 օր սպասենք, կարծում եմ` բոլորս կիմանանք նոր թեկնածուի, նոր մարզպետի անունը: Որոշակի տեղյակ եմ, բայց լավ կլինի, որ որոշումն ընդունվի, հետո նոր հանրությունը իմանա դրա մասին»:

Օրեր առաջ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, Լոռու մարզից ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և աշխատանքը կշարունակի գործադիրում՝ առանց հստակեցնելու, թե ինչ պաշտոն է ստանձնելու։ Այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց իր մարզպետ դառնալու հավանականությունը. «Քննարկումը տեղի է ունեցել, որ ես պիտի անցնեմ գործադիրում, գործադիրում որտեղ, մի քանի տարբերակներ ենք քննարկել, թույլ տվեք` փակագծերը չբացեմ, մոտ օրերս կիմանաք»: Ճշտմանը` ամեն դեպքում որևէ տեղ պաշտոն ստանալո՞ւ է առաջիկայում, պատասխանեց` այո:

2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ Լոռիում մարզպետ էր նշանակվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մարգարյանը, Անդրեյ Ղուկասյանն ու Արամ Խաչատրյանը փոխմարզպետ էին։ Հրանտ Մարգարյանի պաշտոնանկությունից հետո Անդրեյ Ղուկասյանը նշանակվեց մարզպետ, իսկ Արամ Խաչատրյանն «Իմ քայլի» տարածքային ցուցակով պատգամավոր ընտրվեց։ Նա մարզում ամենաշատ թվով ձայներն էր ստացել։

Պատերազմից հետո Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հասցեին մեղադրանքներ տարածվեցին, թե պատերազմի օրերին Գերմանիայից ուղարկված հումանիտար օգնությունը յուրացնելու փորձեր է արել։ Մարզպետը հերքում է, թե իր հրաժարականը կապված է այս աղմուկի հետ և մանրամասնում՝ «ոչ թե փորձել է յուրացնել Լոռու մարզպետարան հասած հումանիտար բեռը, այլ կանխել է մաքսանենգության դեպք»։ Ղուկասյանի պնդմամբ` բեռի 70-80 տոկոսը ներկրողը չի հայտարարագրել մաքսատանը, և Վանաձոր հասնելուց հետո պարզվել է, որ այն հումանիտար համարվել չի կարող։ Ըստ նրա` եղել են ավտոլվացման թանկարժեք սարքեր, շինարարական գործիքներ, փոշեկուլ, արծաթյա փորագրված սափորներ, հեռուստացույց, ժամացույցներ և այլն. «Այս ամբողջ աղմուկը, իմ կարծիքով, հենց նրա համար էր, որ այդ բեռների տերերին, այսպես ասենք, պատասխան տալու փոխարեն սլաքներն ուղղեն պետական կառույցին և ներկայացնեն, որ այդ բեռները խլվել են, բայց իրականում իրենք, իմ կարծիքով, առևտրականներ են կամ գուցե բեռի փոխադրման համար գումարներ են փորձել աշխատել»:

Այս պահին Գերմանիայից Վանաձոր հասած բեռի մի մասն արդեն բաշխվել է կարիքավորներին, իսկ, ըստ մարզպետի, կասկածելի համարվող իրերը մարզպետարանի նկուղում են։ Ոստիկանությունը կողպել է դուռն ու կնքել այն, քանի դեռ ուսումնասիրում են թե՛ ներկրողի, և թե՛ մարզպետի միմյանց մեղադրող հայտարարությունները։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ դեռևս քրեական գործ չի հարուցվել։ Հրաժարական ներկայացնել պատրաստվող մարզպետը չբացառեց, որ կդիմի դատարան իրեն զրպարտելու և արժանապատվությունը վիրավորելու համար։