ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։

ՊԵԿ-ը հաղորդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացված հսկողության արդյունքում Գերմանիայից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 100 բլոտտեր:

Թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ի.Բ.-ն: Վերջինս կալանավորվել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: