Ադրբեջանի գերիների հարցերով հանձնաժողովը հերքում է, թե Բաքվում կայանալիք ռազմական շքերթին «ցուցադրվելու են հայ գերիները»

Ռազմական շքերթ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հերքում է, թե վերջին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Բաքվում կայանալիք ռազմական շքերթին «ցուցադրվելու են հայ գերիները»։

«Հայկական սոցիալական ցանցերում կեղծ լուրեր են տարածվում այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության հաղթանակի կապակցությամբ կայանալիք ռազմական շքերթի ժամանակ կցուցադրվեն հայ գերիները և նրանց նկատմամբ կցուցաբերվի անմարդկային վերաբերմունք։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: Մենք հայտարարում ենք, որ ռազմագերիների ցուցադրումը և նվաստացումը ադրբեջանական ժողովրդին և մեր հաղթական բանակին բնորոշ չէ»,- ասված է հանձնաժողովի՝ այսօր տարածած հայտարարությունում։

Օրերս ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն էր հայտարարել, թե դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Կարմիր Խաչի ղեկավարին, նաև ԵԽ ղեկավարին՝ տեղեկացնելով, որ «Ադրբեջանը ցանկանում է հայ ռազմագերիներին շքերթով քայլեցնել, ինչը Ժնևյան կոնվենցիաների խախտում է, նամակներ են արդեն գնացել Ադրբեջան ու Բաքուն իրազեկված է, որ դա չի կարող անել»:

Անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովը նաև պնդում է, որ ադրբեջանական կողմը գերեվարված հայ զինծառայողների մասին պարբերաբար տեղեկություններ է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, Կարմիր Խաչին հնարավորություն է տալիս նրանց այցելելու և որոշ գերիների համար հեռախոսային խոսակցություններ է կազմակերպում:

«Ադրբեջանի Հանրապետությունը սատարում է բոլոր գերիների և պատանդների փոխանակմանը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Ընթացքի մեջ են շփումները ԿԽՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ` մեր անհայտ կորած զինծառայողների ճակատագիրը պարզելու համար», - հայտարարում է ադրբեջանական պետական հանձնաժողովը։