«Մասամբ հորինված աշխարհ, որտեղ ցանկալին ընդունում էին որպես իրականություն»

Բնակիչները զրուցում են ռուսաստանցի խաղաղապահի հետ, Բերձոր, 30 նոյեմբերի, 2020թ.

Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղյան պատերազմին:

«Հայերը դեռ չեն գիտակցում, թե ինչ է պատահել»

Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտությունը հայության համար ազգային աղետի է վերածվել: Դեռ երկար կվիճեն այդ աղետի և դրանում առանձին քաղաքական գործիչների կամ քաղաքական մի ամբողջ կուրսի պարտության անխուսափելիության մասին:

Մեկ և կես ամիս տևած պատերազմն ավարտվել է բարոյական ապոկալիպսիսով, անհետացել են քառորդ դար տևած հարմարավետ և ինքնագոհ աշխարհն ու դրա արժեքները, որոնցում ապրել է հայ հասարակությունը:

Մասամբ հորինված աշխարհ, որտեղ ցանկալին ընդունել են որպես իրականություն, իսկ ներկայի իրական վերլուծությունը և կանխատեսումները փոխարինել են խոր հնության մասին պատմական շահավետ հղումներով:

Այս կարծիքն է «Взгляд» պարբերականում հրապարակած հոդվածում հայտնել ռուսաստանցի ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովը: Նրա համոզմամբ, հայոց աշխարհն այլևս երբեք նախկինը չի լինի:

Հայոց աշխարհ նորից վերադարձել են բնական, գենետիկական վախը, պատմական հեռանկարն ավերվել է, ազգը նորից նմանվում է ցրված մրջնաբույնի, ամսվա բառը «փախստականն» է դարձել:

Սա այլևս փախուստ չէ, վերլուծաբանը հիշատակում է Աստվածաշնչի Ելից գիրքը: Այսպես անցած դարասկզբին հայերը հեռանում էին Կիլիկիայհից, Վանից, այսպես հույները հեռանում էին Փոքր Ասիայից:

Հարցն այն չէ, թե որ տարածքն է կորել, որն էր հնարավոր պահել, ինչը չէր ստացվել, հարցականի տակ է ազգի մշակութային և կրոնական ինքնությունը:

Վարչապետ Փաշինյանի հասցեին սուլում են զոհվածների հոգեհանգստի աղոթքի ժամանակ, ընդ որում՝ Կաթողիկոսի ներկայությամբ:

Եվգենի Կրուտիկովը պատմում է քաոսի ու խառնաշփոթի մասին: Հին սովետական քարտեզով Չարեքթարը ոչ թե Ղարաբաղինն էր, այլ Քելբաջարինը, հեռանալուց առաջ տեղացիները հրի են մատնել գյուղը, հետո պարզվել է, որ մեկ ուրիշ քարտեզով Չարեքթարը պատկանում է ԼՂՀ Մարտունու շրջանին, ուստի, ադրբեջանական բանակն այդտեղ չի էլ մտել, բայց գյուղն արդեն գոյություն չուներ: Այս ողբերգական դրվագն ինքնին բիբլիական սյուժե է:

Հայոց մտածելակերպին առանց այն էլ բնորոշ են ինքնախարազանումը, հավերժ վիշտը։ Հիմա Հայաստանում փորձում են հասկանալ, թե ով է մեղավոր, անձնական հարցեր են լուծում, ինչը, ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, սովորական է հայերի համար:

«Բայց կանցնի որոշ ժամանակ, և աղետի ծավալը կդառնա ըմբռնելի՝ բարոյական, էթիկական, պատմական աղետը կհամակի Ստեփանակերտն ու Երևանը, սա ոչ թե պարտություն է պատերազմում, մի ամբողջ աշխարհ է փուլ եկել:

Հայոց ինքնագիտակցության համար իսկական ծանր ժամանակները դեռ առջևում են, աղետի ըմբռնումը շուտով կհասնի բոլորին: Միակ հույսն այն է, որ հայ հասարակությունը կկարողանա դա վերապրել, թեպետ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կանի շատ պատուհասներ տեսած ազգն առանց ևս մեկ՝ նոր հետվնասվածքային ախտանիշի»,- կարծիք է հայտնում Եվգենի Կրուտիկովը:

Ծխացող կոնֆլիկտ կողմերին կախման մեջ պահելու համար

Գերմանիայում հրատարակվող Frankfurter Rundschau-ն զրուցել է ադրբեջանցի քաղաքագետ Ազեր Բաբաևի հետ, ով այսօր աշխատում է Գեսսենի համալսարանում: Նրա համոզմամբ, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել Մոսկվայի ակնհայտ հաղթանակը:

«Ռուսաստանը հաստատվել է որպես տարածաշրջանային տերություն, որը կարգուկանոն կապահովի: Սակայն Ռուտսաստանը երբևէ խաղաղապահ չի համարվել, ինչի մասին են վկայում Վրաստանի և Ուկրաինայի կոնֆլիկտները: 1990-ականների համակարտությունները կարգավորելու համար միշտ խոսք է եղել ոչ թե ռուսական, այլ միջազգային խաղաղապահների ուժերի մասին: Շատերը մտահոգված են, որ Ռուսաստանը կցանկանա ծխացող վիճակում պահել այս կոֆլիկտը, որ այդպես և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները կախման մեջ մնան: Այլապես երկու երկրներն էլ վաղուց արդեն կընտրեին Արևմուտքի հետ ինտեգրման ճանապարհը», - ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

Թուրքերն ակամա աշխատել են ռուսների մուտքն Ադրբեջան ապահովելու համար

«Բարձր Դուռը, թե՞ Մեծ Թուրանը» վերնագրի ներքո «Զվեզդա» շաբաթաթերթում լույս է տեսել փորձագետ Ռոստիսլավ Իշենկոյի վերլուծությունը:

Հեղինակի կարծիքով, պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը և նրա նախարարները մշտապես խոսում են ռուս-թուրքական համատեղ հաջողության մասին: Գաղտնիք չէ, որ թուրքերը երբևէ ձեռքից բաց չեն թողնում ուրիշի նվաճումը յուրացնելու հնարավորությունը:

«Բայց այսօր թուրքերը ստիպված են ճանաչել Ռուսաստանի նվաճումը, այլապես պետք է խոստովանեն, որ Անկարայի դիվանագետները, թուրքական «սպեցնազը», սիրիացի վարձկանները, թուրքական բանակի գլխավոր շտաբի սպաները և նույնիսկ «Բայրաքթար» տեսակի անօդաչուները 25 տարի աշխատել են ու մեկ և կես ամիս պատերազմել են Ադրբեջանի տարածք ռուսաստանցի զինվորականների օրինական և տևական մուտքն ապահովելու համար», - ասել է Իշենկոն: