Օրվա միջազգային մամուլի տեսություն

Ղարաբաղյան վերջին հակամարտությունը Իրանի համար դարձավ ռազմավարական աղետ

Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի հարցերով քաղաքական վերլուծաբան Դնյանեշ Կամաթը Euroactive պարբերականում գրում է․ - «Ղարաբաղյան վերջին հակամարտությունը Իրանի համար դարձավ ռազմավարական աղետ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հրադադարի պայմանները Իրանի շահերի համար երկարատև ռազմավարական և լրջագույն սպառնալիք են հանդիսանում։ Հետևանքները կարող են հանգեցնել Ադրբեջանի և Սիրիայի հարցում Իրանի քաղաքականության փոփոխության»։

Քաղաքագետը շարունակում է․ - «Այժմ Ադրբեջանն ամբողջովին վերահսկում է Իրանի հետ սահմանը Արաքս գետի երկայնքով մեկ։ Բաքվում տոնախմբության առիթ դարձած այդ իրադարձությանը Թեհրանում անհանգստություն է առաջացրել։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի և Իրանի սահմանի ընդլայնումը Իսրայելին հնարավորություն կընձեռի Իրանին հետևելու։ Թեև Բաքուն հերքում է, գաղտնիք չէ սակայն, որ Ադրբեջանն ու Իսրայելը ակտիվ համագործակցում են հետախուզության, էներգետիկ և ռազմական հարցերում։ Եվ եթե Թել Ավիվը օդային հարվածներ հասցնի Իրանի միջուկային կառույցների վրա, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կենսական կարևոր դեր կխաղա՝ կա՛մ որպես կանգառ, կա՛մ որպես ելակետային հարթակ»

Եվրոպան պետք է ուսումնասիրի ղարաբաղյան պատերազմի ռազմական դասերը

Ռազմական հակամարտությունների հարցերով փորձագետ Գուստավ Գրեսելը «Ռազմական դասեր Լեռնային Ղարաբաղից» վերտառությամբ վերլուծականում խոսելով պատերազմի մարտավարության, նորամուծությունների, մասնակիցների և նրանց աջակիցների հնարավորությունների, դրոնների որոշիչ դերի մասին՝ ամփոփում է․ - «Եվրոպան պետք է ուշադիր ուսումնասիրի այս հակամարտության ռազմական դասերն ու չհամարի այն որպես փոքր պատերազմ աղքատ երկրների միջև»։

Փորձագետը նկատում է, որ անօդաչու թռչող սարքերի այն տեսականին և հակաօդային պաշտպանության այն համակարգերը, որոնք գործի դրվեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այս պատերազմում, չունեն անգամ եվրոպական շատ երկրներ՝ բացառությամբ Ֆրանսիայի և Գերմանիայի․ - «Եվրամիության բանակների մեծ մասը, հատկապես փոքր և ոչ առաջատար պետություների բանակները, կվարվեին այնպես, ինչպես հայկական բանակը ժամանակակից կինետիկ պատերազմում»:

Daily Sabah Պուտինը չի ներել Հայաստանի դիլետանտ վարչապետին

Թուրքական Daily Sabah-ը ղարաբաղյան պատերազմի մասին ծավալուն հոդվածում գրում է․ - «Ադրբեջանական բանակը քառասունչորս օր շարունակ ոչնչնացրել և հրդեհել է հայերով բնակեցված տարածքները, իսկ Ռուսաստանի կողմից օգնությունն այդպես էլ տեղ չհասավ»։

Մարտունի քաղաքը ադրբեջանական զինուժի կողմից միտումնավոր թիրախավորվել է

Չեխ լրագրող Մարտին Դորազոնն այցելել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաք և անձամբ ականատեսը եղել ադրբեջանական զինուժի կողմից քաղաքը թիրախավորելու հետևանքներին։

«Պատերազմի այս հետքերից հստակ է, որ ադրբեջանական կողմն անկասկած միտումնավոր թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները։ Քաղաքի ո՛չ մերձակայքում, ո՛չ հարևանությամբ ռազմական օբյեկտներ չեն եղել։ Սակայն քաղաքին, որտեղ մինչև պատերազմը ավելի քան հինգ հազար մարդ էր բնակվում, ճակատային հարված է հասցվել», - նկարագրում է չեխ լրագրողը։

Մոսկվան օգնության հասավ Հայաստանի ջախջախվելուց հետո միայն

Հետխորհրդային մի շարք երկրներում շարունակվող քաոսային իրադարձությունների և Կրեմլի ազդեցության լծակների մասին «Մարիան» ֆրանսիական պարբերականի ծավալուն հոդվածում հեղինակը անդրադառնում է նաև Հայաստանին․ - «Վեց շաբաթ շարունակ Մոսկվան սահմանափակվել էր մարտերը դադարեցնելու կոչերով, բայց խաղաղություն հաստատեց միայն իր դաշնակից Հայաստանի ջախջախվելուց հետո։ Նման պահվածքը կստիպի մտածել բոլոր հետխորհրդային երկրներին»։

Ինքնավարության խնդիրը շարունակում է չլուծված մնալ

Սերբ լրագրող Անա Օտաշևիչը «Դեմոստատ» թերթում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում ռազմական հաղթողը Ադրբեջանն է, քաղաքական հաղթողները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, պարտվողները՝ Հայաստանը և Արևմուտքը։ Հեղինակը վերլուծում է, թե ով և ինչ ստացավ կամ կորցրեց այդ հակամարտությունում և ինչու։ Չնայած պայմանավորվածություններին, ըստ սերբ վերլուծաբանի, ինքնավարության խնդիրը շարունակում է մնալ չլուծված՝ այժմ արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ․ - «Ռուսաստանի նախագահը, ով ևս մեկ անգամ ներկայացավ որպես հմուտ ռազմավար, իր վերահսկողության տակ վերցրեց իրավիճակը, որը կարող էր ցանկացած պահի նոր հակամարտության վերածվել՝ արդեն ռուսաստանյան զորքի մասնակցությամբ»։