Անկարայում շարունակվում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործառույթները հստակեցնող բանակցությունները

Անկարայում այսօր շարունակվում են Թուրքիայի ու Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները Ղարաբաղում ռուս-թուրքական խաղաղապահ առաքելության գործառույթները հստակեցնելու համար։

Բանակցությունները մեկնարկել էին նոյեմբերի 13-ին։ Երեկ քննարկումներ են տեղի ունեցել Թուրքիայի Արտգործնախարարությունում և Պաշտպանության նախարարությունում։

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փաստաթուղթը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռավար կարգով ստորագրել են անցած չորեքշաթբթի, Արցախում կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունից անմիջապես հետո։