Ըստ ՀՅԴ Բյուրոյի, Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը վտանգում է սերունդների անկախ, անվտանգ և զարգացող երկրում ապրելու բացարձակ իրավունքը

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյան

Նոյեմբերի 10֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրված հայտարարությունը, ըստ ՀՅԴ Բյուրոյի, ոչ այլ ինչ է, քան պարտվողական և նվաստացուցիչ մի փաստաթուղթ։

Տարածած հայտարարությունում Բյուրոն նշում է՝ փաստաթուղթը ոչ միայն մեծագույն հանցագործություն է հայրենիքի և ողջ հայ ազգի շահերի, իղձերի և նպատակների նկատմամբ, այլ, նաև, միանշանակորեն վտանգում և ոտնահարում է հայ ժողովրդի ներկա և գալիք սերունդների անկախ, անվտանգ և զարգացող երկրում ապրելու, և արժանապատիվ ապագա կառուցելու բացարձակ իրավունքը։

«Հայաստանի և Արցախի ամբողջական անձնատվության (կապիտուլացիայի) մասին դատապարտելի և անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը, կացությունը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացումն է» , - ասված է հայտարարությունում։

ՀՅԴ Բյուրոն նշում է, որ համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատվությունից խուսափելու, սեփական իշխանությունը երկարաձգելու և բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով, իշխող վարչախումբը սկսել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներին և այլ հանրային գործիչներին։

«Խստորեն դատապարտելով հակաօրինական ձերբակալությունները, վստահեցնում ենք, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի և ցասման արդար ալիքը։ Միևնոյն ժամանակ, կենսական ենք համարում, եռակողմ հայտարարությամբ նախատեսված քայլերի իրականացման շուրջ և առհասարակ Արցախի հիմնահարցի կարգավորման հաջորդ փուլերի բանակցություններին՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ընդհանրապես հայ ժողովրդի շահերն արժանավոր կերպով պաշտպանելու հնարավորություն ստեղծելու համար՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը այդ պաշտոնից» , - ասված է հայտարարությունում։

Բյուրոն նշում է, որ վարչապետի հրաժարականը կվկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրությունը կստորադասի ազգային-պետական շահին։

Ըստ հայտարարության, եթե իսկապես վարչապետը եռակողմ հայտարարությունը ստորագրել է Հայրենիքի մնացորդացի փրկության նպատակով, նույն տրամաբանությամբ նա պիտի հեռանա իր պաշտնից՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտին միավորելու ազգային ամբողջ ներուժը և դուրս գալու այս իրավիճակից։

ՀՅԴ Բյուրոն զգուշացնում է վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով և սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման, կոչ է անում ժողովրդին՝ լինել զգոն և չտրվել սադրանքների։

«Առնվազն ինքը՝ վարչապետը, շատ լավ գիտի Հ.Յ.Դաշնակցության անսակարկ ու անմնացորդ նվիրումը հայրենիքին, պատերազմի առաջին իսկ ժամերից հենց իրեն՝ վարչապետին հայտնած մեր պատրաստակմությունը՝ մեր միջև բոլոր տարաձայնությունները դեն դնելու և Հայոց բանակին զինվորագրվելու Դաշնակցության ողջ կառույցի հանձնառությունը և այդ պատրաստակամությունն ու հանձնառությունը հետագա օրերին ռազմաճակատում և թիկունքի ներքին ու արտաքին հարթակներում իրագործելու փաստը։ Պատերազմի ամբողջ ընթացքին տարբեր առիթներով այդ մասին հայտնել ենք վարչապետին։ Վերջապես, դիմում ենք աշխարհացրիվ մեր երիտասարդությանը՝ չվհատվել, չհիասթափվել և չհուսահատվել, մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, և հարատև պայքարով, թեկուզ երբեմն անհաջող, ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին», - ասված է հայտարարությունում։

Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված ավելի քան 40 օր ձգված պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո 17 կուսակցություն, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ անցկացնելու մասին։

Ոստիկանությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ռազմական դրության պայմաններում արգելվում են հանրահավաքները։ Հոկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում ոստիկանները բերման ենթարկեցին հանրահավաքի մասնակիցներին։ Ավելի ուշ բերման ենթարկվեցին, ապա ձերբակալվեցին ընդդիմադիր 10 գործիչներ, այդ թվում` Ծառուկյանը, Վանեցյանը, ապա ազատ արձակվեցին։

Ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ու ներկայացուցիչները, ըստ ՀՔԾ-ի, ձերբակալվել էին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, որոշներն էլ նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։