Արայիկ Հարությունյանը ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է Ստեփանակերտ քննարկումներ ծավալելու

Նոր ձևավորված օրակարգը հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու նպատակով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար։ Այդ մասին Հարությունյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Արցախի նախագահը նշել է, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ է ընդունելու Հայաստանի Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:

«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:

Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ», - գրել է Արայիկ Հարությունյանը:

Նոյեմբերի 9 ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։