ԱԱԾ-ի հաղորդմամբ` քաղաքացին կաշառքի դիմաց պատրաստակամություն է հայտնել զբաղվել անհետ կորած զինծառայողի որոնմամբ

ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Երևանի բնակիչ Հ. Բ.ն, ով նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված է եղել, տեղեկանալով, որ արցախյան պատերազմի մասնակից զինծառայող Հ. Մ.-ն անհետ կորել է, զինվորի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձ: Ապա պատրաստակամություն է հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով` կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ:

Ըստ ԱԱԾ-ի` իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ նա հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հազար դրամ, այնուհետև` նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայողը գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հ. Մ.-ին Ռուսաստան իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է ևս 3 հազար դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանում 1000 դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով Հ. Բ.-ն ձերբակալվել է:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության նախնական տվյալների` Հ. Բ.-ի նմանօրինակ վարքագծի արդյունքում տուժել են նաև այլ քաղաքացիներ: