Ադրբեջանի գերեվարած 84-ամյա Միշա Մելքումյանը գիշերը մահացել է, հաղորդում է ՀՀ օմբուդսմենը

ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը», - շեշտում է Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը ցավակցություն է հայտնում Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

Նախօրեին, հիշեցնենք, հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, Հայաստան է արտահանձնվել նաև մեկ քաղաքացիական անձ՝ տարեց կին:

Քաղաքացիական երկրորդ անձի ճամփորդությունը երեկվա դրությամբ բժշկական առումով հակացուցված էր, փոխանցել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Հայաստանի օմբուդսմենը «Ազատության» հետ զրույցում հաստատել է՝ խոսքը հենց Միշա Մելքումյանի մասին էր։