Հովհաննիսյանի ներկայացմամբ` Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած հատվածում հայկական կողմը դիրքային բարելավում ունի

Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային հատվածում` Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ, հայկական զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել:

Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները», - ասուլիսի ժամանակ մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը` հավելելով, որ շարունակվել են Արցախի բնակավայրերի հրետակոծությունները:

Սեփական բնակավայրերին ուղղված հարվածների մասին իր հերթին հայտարարել էր նաև ադրբեջանական կողմը:

«Ազատության» հարցին, թե Արցախի նախագահը հայտարարեց, որ Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա են, խոսքը արդյոք դիվերսիոն խմբերի մասին է, և ո՞ր ուղղությամբ են մոտեցել, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. - «Խոսքը Սղնախ գյուղի և հարակից գյուղերի մասին է, որը միգուցե 5 չէ, 7, բայց մոտավորապես այդպիսի հեռավորության վրա է:

Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է. նման իրավիճակում երկրի ղեկավարները, ռազմաքաղաքական ղեկավարները, զինված ուժերի հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը մանավանդ այսպիսի տեղանքում փորձելու են ինչ-որ բաներ իրականացնել, և ամեն օր որոշակի գործողություններ կան: Այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է ինքը շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր»: