Լիտվան հուսով է, որ կողմերը կպահպանեն հրադադարը

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուս, արխիվ

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու շուրջ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը:

«Հուսով ենք, որ հակամարտող կողմերը կպահպանեն կրակը դադարեցնելու պարտավորությունը և պատրաստ կլինեն վերադառնալ բովանդակային բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- Թվիթերի էջում գրել է Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: