Ֆրանսուա Օլանդ. Տեղի ունեցողը միայն Հայաստանին չի վերաբերում, կանգնած ենք իսկական պատերազմի առջև

Ֆրանիսայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվ

Այսօր առավոտյան փարիզամերձ Ալֆորվիլ հայաշատ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասի կոչով տեղի է ունեցել հանրահավաք` ի համերաշխություն Արցախի և Հայաստանի: Հանրահավաքին ներկա է եղել Ֆրանիսայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չի վերաբերում միայն Հայաստանին: Այն վերաբերում է ողջ աշխարհին: Մենք կանգնած ենք իսկական մի պատերազմի առջև, որը սկսել է Ադրբեջանը Թուրքիայի ռազմական օգնությամբ և նրա բերած լրացուցիչ ուժերով», - հայտարարել է Օլանդը:

Այսօր Ֆրանսիայի 173 գործիչներ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Le Journal du Dimanche թերթում հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Ֆրանսիայի իշխանություններին վերանայել իրենց ռազմավարությունը Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ: Նրանք անբավարար են համարում հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնիառաջարկությունը` միջնորդություն ստանձնել երկու կողմերի միջև բանակցությունները վերսկելու համար:

Կոչը ստորագրած անձինք, որոնց թվում են Փարիզի, Մարսելի քաղաքապետեր Անն Իդալգոն, Միշել Ռուբիրոլան, ինչպես նաև տարբեր շրջանների նախագահներ, ինչպես օրինակ` Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, պահանջում են, որ Ֆրանսիայի իշխանությունները «խստորեն դատապարտեն ադրբեջանական հարձակումը և պահանջեն Ադրբեջանի կողմից կատարվող բռնությունների անմիջական դադարեցումը», իսկ պահանջը չբավարարվելու դեպքում ավելի մեծ օգնություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որը կարող է լինել այդ իշխանությունների օրինականության լիակատար և ամբողջական ճանաչումը:

Ֆրանսիայի գյուղական շրջանների Քաղաքապետերի միությունն է հանդես եկել նաև հաղորդագրությամբ, որով կոչ է արել Եվրամիությանը ստանձնել իր պատասխանատվությունը` գործելու Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու համար: