«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից շահագործվող Մղարթի ոսկու հանքավայրի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Դատախազություն

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության լրատվականի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները :

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գրության մեջ մասնավորապես նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, ինչը օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացվել փորձաքննության:

Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննություն անցկացնելու համար, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունը դրանք ուղարկել է լրակազմման։ Նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն: Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում օնդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։

Ուղարկված գրությամբ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք», - ասված է հաղորդագրությունում: