Տոնոյանը Մոսկվայում խոսում էր «հաղթող պետության և անվտանգային պատասխանատու սուբյեկտի դիրքերից»

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Անընդունելի են տարածաշրջանային հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը: Այս մասին Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի իր ելույթում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ակնհայտորեն ակնարկելով Թուրքիային։

«Մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը կոնֆլիկտային մեծ ներուժ ունի: Վերջին ժամանակներս տարածաշրջանում նկատվում է տարաձայնությունների սրում, ինչը, մեր գնահատմամբ, որոշակի երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է», - հայտարարել է Տոնոյանը՝ շարունակելով. - «Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնն անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի են ռազմատենչ հռետորաբանությունն ու այդ հակամարտություններում նոր պետություններ ներքաշելու փորձերը՝ իրավիճակի հետագա սրմամբ»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը սա ռեգիոնալ անվտանգության պատասխանատու սուբյեկտի ելույթ է համարում։ Նա հատկապես կարևորում է այն հանգամանքը , որ Հայաստանն ընդլայնում է իր անվտանգային շահերն ու հետաքրքրությունները։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ

«Կարծում եմ՝ արվեցին էական ընդգծումներ, մասնավորապես՝ Թուրքիայի որոշակի ապակառուցողական դերակատարման իմաստով, իհարկե՝ ոչ անմիջապես տալով Թուրքիայի անունը, բայց շատ թափանցիկ ակնարկով», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը՝ շարունակելով. - «Եվ բացի դրանից շատ առանցքային է այն, որ պաշտպանության նախարարը ընդգծեց Հայաստանի անվտանգային շահերի և հետաքրքրությունների սահմանը, որը ամենևին չի սահմանափակվում միայն Կովկասով: Նշվեց, որ մենք դիտարկում ենք դա մինչև Կենտրոնական Ասիա և ընդհուպ նաև մինչև Միջերկրածովյան շրջան, որտեղ մենք գիտենք ռեգիոններ, որոնք ևս թուրքական ագրեսիվ քաղաքականության տիրույթում են, և էդ քաղաքականությունը էապես առնչվում է մեր անվտանգային շահերին»:

Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը իր ելույթում Տոնոյանը կարևորագույն զսպող գործոն էր համարել, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը: Օրերս հենց «Ազատության» եթերում էր նախարարըհայտարարել, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունում շատ մեծ դինամիկա կա, իսկ օդուժի մասով այդ համագործակցությունն աննախադեպ էր որակել։

Ինչո՞ւ Դավիթ Տոնոյանը այս ամբիոնից չբարձրաձայնեց հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումների ժամանակ ՀԱՊԿ-ի, որոշ գնահատականներով՝ ոչ համարժեք արձագանքի հարցը։ Բադալյանը վստահ է՝ նման շեշտադրումները պետք է արվեն նեղ շրջանակում:

«Եթե մենք էական արդյունք, իրական փոփոխություն այդ պահին չենք ստանալու ՀԱՊԿ վարքագծում, ապա, կարծում եմ, անիմաստ է բավական լայն ֆորմատներում դիտարկել այս հարցը: Ի վերջո, Մոսկվայի այդ համատեղ մեծ նիստում, որտեղ, էլի կրկնեմ Շանհայի գործակցության կազմակերպության ձևաչափի կարևորությունը, Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում էր փաստացի հաղթող պետության և անվտանգային պատասխանատու սուբյեկտի դիրքերից, և այդ հաղթանակի դիրքը ապահովված էր, բնականաբար, Տավուշում, տավուշյան մարտերում Հայկական բանակի արձանագրած արդյունքով», - շեշտեց քաղաքական վերլուծաբանը:

Նիստին հաջորդած հարցազրույցում Դավիթ Տոնոյանը տեղեկացնում է ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկու խոշոր զորավարժությունների մասին, որոնց կմասնակցեն նաև Հայաստանի Զինված ուժերը։