Պաշտոնական թվերն ապացուցում են, որ հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ են եղել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, օգոստոս, 2020թ.

Այս տարվա հուլիսին Հայաստանում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 միլիարդ 391 միլիոն դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, որ նույն ցուցանիշը հունիսին կազմել է 120 միլիարդ 846 միլիոն, իսկ 2019 թվականի հուլիսին՝ 117 միլիարդ 627 միլիոն դրամ:

«Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջև, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ», - գրում է պետության ղեկավարը:

Հիշեցնենելով, որ 2020-ի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը, Փաշինյանն ամփոփում է. - «Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել»:

Վարչապետն ընդգծում է, որ «վերը նշված թվերը ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, և այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում»: