«Կինոյի մասին» օրենքը ԱԺ-ում կարող է շրջանառության մեջ դրվել գալիք աշնանը

Cinema - generic

«Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպությունը գործում է շուրջ երկու տարի: Այն համախմբել է մի շարք կինոռեժիսորների, կինոպրոդյուսերների և այլ կինոգործիչների՝ նպատակ ունենալ զարգացնել հայկական կինոարտադրությունը և աջակցել երիտասարդ կինոգործիչներին: Կազմակերպությունը, ըստ կանոնադրության, յուրաքանչյուր տարի նախագահում է 7 հիմնադիր անդամներից մեկը:

Կազմակերպությունը հիմնադրման օրից նախաձեռնել է «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակումը: Նույն օրենքի մեկ այլ նախագիծ էլ մշակում էր «Ոսկե Ծիրան» հիմնադրամը, բայց Ազգային ժողովում բազմաթիվ քննարկումներից հետո շրջանառության մեջ է դրվել հենց անկախ կինոգործիչների մշակած նախագիծը, որը, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց կինոճարտարագետ, «Անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սաթենիկ Ստեփանյանը, արդեն այս աշնանը կարող է առաջին ընթերցմամբ ընդունվել խորհրդարանում:

Ի դեպ, անցյալ տարի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը համագործակցության հուշագիր է ստորագրել «Անկախ կինոգործիչների համայնքի» հետ՝ կինոյի ոլորտում եղած խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

Սաթենիկ Ստեփանյանը ընդգծում է, որ Հայաստանում կինոոլորտի զարգացման համար շատ կարևոր է «Կինոյի մասին» օրենքի ընդունումը, որով կկարգավորվեն կինոոլորտի բազմաթիվ հիմնախնդիրներ՝ համատեղ կինոարտադրություն, Ազգային կինոկենտրոնի արդյունավետ կառավարում, պետբյուջեից գումարների արդյունավետ բախշում:

Ի դեպ,վերջերս Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի իրականացրած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Սաթիկ Ստեփանյանը, ով այստեղ աշխատել է երկար տարիներ, ու կինոկենտրոնի ևս մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից և հիմա դիմել են դատարան՝ համոզված, որ անպայման կվերականգնեն իրենց աշխատանքը Ազգային կինոկենտրոնում:Դատական առաջին նիստը նշանակված է օգոստոաի 26-ին:

Ինչ վերաբերում է համավարակային այս ժամանակաշրջանում կինոգործիչների ստեղծագործական աշխատանքին, ապա այն, ըստ Ստեփանյանի, փաստացիորեն կանգ է առել, բայց կինոկենտրոնի դրամաշնորհային մրցույթներն անց են կացվել:

Սաթենիկ Ստեփանյան. – Իսկ նկարահանումներ չեն եղել: Միայն կարողացավ շարունակել` դրսից ֆինանսավորում բերելով, Հայկ Օրդյանը:

«Ազատություն». – Կինոլորտի բազմաթիվ հիմնախնդիրներից ո՞րը կառանձնացնեիք:

Ստեփանյան. – Ես կառանձնացնեի կինոյի ազգային մարմնի կառավարման խնդիրը, Ազգային կինոկենտրոնի մասին է խոսքը: Կարևորը փաստորեն դա է, որ Հաշվեքննիչ պալատը նախորդ երկու տարիների ընթացքում էդքան խախտումներ ա արձանագրել:

«Ազատություն». – Ձեր կարծիքով, երբ կընդունվի «Կինոյի մասին» օրենքը:

Ստեփանյան. – Սեպտեմբեր ամսին արդեն կամփոփվի բոլոր հրապարակված և հանրայնացված կարծիքները, և նոյեմբեր ամսին, կարծում եմ, ինքը պատրաստ կլինի առաջին ընթերցմամբ շրջանառության մեջ դնելու:

«Ազատություն». – Արդյունքում ինչպիսի՞ կինոարտադրություն կունենանք: Հայ կինո ասվածը կունենա՞նք:

Ստեփանյան. – Կարծում եմ, այո, կունենանք: