Կիևում սպասում են «Վագների» աշխատակիցների արտահանձնման վերաբերյալ Բելառուսի պաշտոնական արձագանքին

Բելառուսի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն արձագանքել ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներին Ուկրաինային արտահանձնելու Կիևի խնդրանքին։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ նշելով, որ ուկրաինացի և բելառուս իրավապահների միջև այս պահին թեմայի շուրջ ակտիվ շփումներ են ընթանում։

Ձերբակալվածների մի մասը, ըստ պաշտոնական Կիևի, նախկինում Դոնբասում ծավալված ռազմական գործողություններին է մասնակցել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինված ջոկատների կազմում, ոմանք նաև Ուկրաինայի քաղաքացիներ են։

«Վագների» աշխատակիցների արտահանձնման թեման երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Հուսով եմ, որ Ուկրաինայի տարածքում ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձինք կփոխանցվեն մեզ՝ հետագայում միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվելու համար», - դիմելով Լուկաշենկոյին` նշել է Ուկրաինայի նախագահը։