Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է Գանձակ համայնքում պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող իրավասու անձը 2006 թվկանի հունվարի 1-ից մինչև 2018-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, «մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով,մի շարք անձանց հրամանագրել է եռակցող բանվորի, օպերատորի, լաբորանտի, պահակի, հնոցապահի, հավաքարարի հաստիքներում և, հաստատապես տեղյակ լինելով շուրջ 14 անձանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքների մասին, կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 114 միլիոն 699 հազար 324 ՀՀ դրամ»:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, «պաշտոնատար անձը 2008 թ. փետրվարի 14-ին, նախնական համաձայնության գալով իր հետ խնամիական կապի մեջ գտնվող Գանձակ համայնքի նախկին ղեկավարի հետ, վերջինի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով պատրաստված կեղծ փաստաթղթի օգտագործմամբ, խաբեության եղանակով, խարդախությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող և նույն համայնքի Հունան Ավետիսյան փողոց 1ա հասցեում գտնվող ընդհանուր 0.255 հա մակերեսով և շուրջ 1 միլիոն 346 հազար ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք»:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասըև համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում: