ԱՀԿ. Համաճարակի հետևանքները կզգացվեն տասնամյակներով

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ

Այսպիսի համաճարակներ հարյուրամյակը մեկ են պատահում, բայց դրա հետևանքներն իրենց զգացնել են տալիս տասնամյակներ շարունակ` երեկ զգուշացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Միջազգային կառույցի փորձագետները արտահերթ նիստ էին հրավիրել` քննարկելու` ինչ արդյունքների է հասել մարդկությունը համաճարակի դեմ արդեն կես տարի շարունակվող պայքարում, և ինչ նոր քայլեր կարելի է ձեռնարկել:

«Իմունոլոգիական հետազոտությունների նախնական արդյունքները նույն, հաստատուն պատկերն են ուրվագծում` աշխարհի բնակչության մեծ մասը դեռ վարակման վտանգի առջև է, անգամ այն շրջաններում, որտեղ լուրջ բռնկումներ են եղել: Շատ երկրներ, որոնք կարծում են, թե հաղթահարել են վատթարագույնը, հիմա պայքարում են նոր օջախների դեմ: Որոշ երկրներ, որոնց վրա համաճարակը մինչ օրս մեծ ազդեցություն չէր թողել, հիմա են տեսնում վարակակիրների ու մահվան թվերի աճ», - ասաց ԱՀԿ ղեկավարը:

Վերջին տվյալներով, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 17,5 միլիոնը, մահացել է շուրջ 680 հազար մարդ: Վարակակիրների ու մահվան ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկան: Մեկ շաբաթ է` Նահանգներում օրական դեպքերը կրկին շարունակաբար ավելանում են. երեկ 24 ժամում արձանագրվել է ավելի քան 70 հազար վարակակիր, մահացել է 1400-ից ավելի մարդ: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե «Ամերիկան Եվրոպայից ավելի շատ դեպքեր ունի, քանի որ թեստավորում է ավելի, քանի որևէ այլ երկիր աշխարհում»:

Երեկ կոնգրեսականները երկրի գլխավոր համաճարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչիից ճշտում էին` համակարծի՞ք է արդյոք Սպիտակ տան ղեկավարի հետ:

«Ես չեմ փոխել կարծիքս, և ինչպես պնդել եմ նախկինում, կարծում եմ, որ դեպքերի աճը պայմանավորված էր մի շարք գործոններով: Դրանցից մեկը տնտեսության վերագործարկման փորձերն էին. մի շարք նահանգներ խստորեն չհետևեցին Սպիտակ տան և համաճարակի դեմ պայքարի շտաբի հանձնարարականներին: Մի շարք նահանգներում էլ, որտեղ իշխանությունները հետևում էին կանոններին, մարդիկ էին հավաքվում խմբերով` առանց դիմակների», - պատասխանել է Ֆաուչին:

Վարակակիրների թվով Միացյալ Նահանգներից հետո երկրորդն աշխարհում Բրազիլիան է, երրորդը` Հնդկաստանը, այս եռյակը մի քանի շաբաթ է` մնում է անփոփոխ: Այսօր, սակայն, փոխվել է մահվան ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների ցանկը. Մեքսիկան` ավելի քան 46 հազար դեպքերով, առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և հիմա երրորդն է աշխարհում` Ամերիկայից ու Բրազիլիայից հետո: Այստեղ ևս մասնագետները դեպքերի աճը կապում են տնտեսության վաղաժամ վերաբացման հետ:

Նախագահ Անդրե Մանուել Լոպես Օբրադորը մինչդեռ, քննադատությունը չի ընդունում, մինչ օրս դիմակ չի դնում, ե՞րբ կդնի հարցին էլ արձագանքում է ավելի քան անորոշ պատասխաններով:

«Գիտեք` ես կդնեմ դիմակ, երբ մեր երկրում այլևս կոռուպցիա չլինի: Եկեք պայմանավորվենք, արագացնենք և վերջ տանք կոռուպցիային, որպեսզի ես էլ կարողանամ դիմակ դնել, և մենք վերջ տանք այս խոսակցություններին», - նշել է նա:

Տեղի բժիշկները պնդում են` իրականում վարակի դեպքերը պաշտոնական տվյալներից շատ ավելին են, նույնն են հայտարարում նաև Բրազիլիայի մասնագետները: Թերևս դա է պատճառը, որ վարակի դեպքերի աճը Լատինական Ամերիկայում քչերին է զարմացնում: Փաստացի, սակայն, իրավիճակը վատանում է նաև այն երկրներում, որտեղ մինչ օրս կարողանում էին վերահսկողության տակ պահել վիրուսի տարածումը: Կիպրոսում, որտեղ ապրիլի կեսերից օրական հինգից-վեց դեպք էր գրանցվում, երեկ հայտնաբերվել է քսանչորս, նախորդ օրը` տասը վարակակիր: Այսօրվանից կղզում պարտադիր է դիմակ կրել խանութներում, բանկերում, հիվանդանոցներում և հանրային մյուս փակ տարածքներում:

Վիետնամում, ուր երեք ամիս վարակի ոչ մի դեպք չէր արձանագրվել, հիմա մի ամբողջ քաղաք գտնվում է կարանտինի մեջ: Նույն իրավիճակն է նաև վիրուսի դեմ պայքարում մինչ օրս դրական արդյունքներ ցույց տված Հոնկոնգում: Յոթուկես միլոն բնակիչ ունեցող շրջանում մինչ օրս մոտ 3 հազար մարդ էր հիվանդացել, 33-ը՝ մահացել: Անցած ամսվա սկզբից, սակայն, դեպքերը սկսել են շեշտակի ավելանալ` ստիպելով իշխանություններին ժամանակավորապես հիվանդանոցի վերածել մարզահամերգային համալիրի տարածքը:

Մտահոգիչ այս վիճակագրության ֆոնին Մոսկվան այսօր հայտարարեց, թե ռուս գիտնականներն արդեն ավարտել են կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները և պատրաստվում են այն կիրառել մի քանի ամսից: «Առաջիկայում նյութը կգրանցվի, ինչից հետո` հոկտեմբերին կսկսվի զանգվածային պատվաստումը», - հայտարարել է Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Արևմուտքում, մինչդեռ, առայժմ թերահավատորեն են վերաբերում Մոսկվայից հնչող այս հայտարարություններին, փաստելով, որ Ռուսաստանը մինչ օրս չի հրապարակել նորարարության արդյունավետությունն ապացուցող փաստերն ու կլինիկական փորձարկումների տվյալները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին անցած շաբաթ հայտարարել էր` մինչև 2021-ի սկիզբը դժվար թե որևէ պատվաստանյութ շրջանառության մեջ դրվի: «Մինչ այդ մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ և պայքարել դրա դեմ այն գործիքներով, որ այսօր ունենք», - երեկ հայտարարեց միջազգային կառույցի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: