Հերքում եմ վերջին օրերին տարածվող սուտն ու ապատեղեկատվությունը. ԿԳՄՍ փոխնախարար

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատերերի հարցերին պատասխանել է Կրթության, գիտություն, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ազատություն». - Օգտատերերից մեկը հարցնում է՝ «չե՞ք կարծում, որ շատ է ուշանում խոստացված «Ուղեղների կենտրոն» կառույցի ստեղծումը, որի կանոնադրային նպատակներից պետք է լիներ նախ կրթության զարգացման պետական ծրագիրը գրելը, կրթության ռազմավարություն մշակելը, որից պետք է բխեր պետական չափորոշիչներ գրելը՝ ելնելով կրթության ոլորտի պետական քաղաքականությունից:

Անդրեասյան. - Իհարկե, կարևոր է կրթության ոլորտում նման ուղեղային կենտրոնի առկայությունը, և այդ գործընթացն ավարտական փուլում է, մասնավորապես՝ պետական գրանցման փուլում ենք: Միևնույն ժամանակ, ուզում եմ հավաստիացնել, որ սա ամենևին չի նշանակում, որ կրթության ոլորտում որևէ գործունեություն կամ փաստաթղթի մշակում պետք է կանգ առնի, որովհետև մարդկային ռեսուրսները և ներուժը, որ մենք ունենք, հնարավորություն է տալիս այդ աշխատանքն անել՝ գուցե այլ ձևաչափով, բայց շարունակել անել: Սա է վկայում նաև չափորոշիչների մշակման գործընթացը, որտեղ մենք ունենք ներգրավված բաց մրցույթի միջոցով ավելի քան յոթ տասնյակ մարդ՝ մեծ մասը գործող ուսուցիչներ:

Ես կարծում եմ, որ սա շատ լավ այն մարդկային ներուժն է, ռեսուրսն է, որի միջոցով մենք ամբողջությամբ կարող ենք այդ աշխատանքն իրականացնել: Այլ հարց է, որ կենտրոնը պետք է թույլ տա ինստիտուցիոնալացնել այդ աշխատանքը և դարձնել շարունակական:

Ինչ վերաբերում է հախուռն և տրամագծորեն հակառակ կարծիքներին, ես կարծում եմ, մենք պետք է սկսենք սովորել հանրային քննարկումներին, մենք պետք է սկսենք սովորել լսել միմյանց կարծիքները, հաշվի առնել առաջարկները և դա չդիտել որևէ մեկի կամ մյուսի պարտություն կամ հաղթանակ, այլ դիտել իբրև ընդհանուր գործի համար արվող աշխատանք:

«Ազատություն». - Մեկ այլ օգտատեր էլ հարցնում է, թե «ի՞նչ իրավունքով եք հանել հայ բառը «Գրականություն» առարկայից: Ո՞վ է ձեզ թույլ տալիս հայ մեծերին հանել գրքերից: <...> Նարեկացի, Քուչակ, Խորենացի, Թումանյան եք հանում դասագրքերից»:

Անդրեասյան. - Ես ուզում եմ հերքել շատ այս վերջին օրերին տարածվող սուտն ու ապատեղեկատվությունը՝ շատ հաճախ ուղղորդված տարածվող, և հրավիրել բոլորին ծանոթանալու նախարարություն էջում տեղադրված գրականության ցանկին, որից պարզ երևում է, որ Նարեկացին, Խորենացին և մյուս դասականներն ունեն իրենց տեղը գրականության ծրագրում և որևէ կերպ դուրս չեն մնացել: Միջնադարյան գրականությունն ընդգրկված է 9-րդ դասարանում, ինչպես և գործող չափորոշչում է, Նարեկացին էլ իր տեղում է, խնդրում եմ չանհանգստանալ: Հայ բառը հանելու որևէ մեկը միտում չունի ,և կարծում եմ, որ պետական չափորոշչին և առարկայական չափորոշիչներին առանց որևէ խմբային շահի և կուսակցական կողմնորոշման ծանոթանալուց հետո այսպիսի դիտարկումներ չեն անի, որովհետև մենք նույնիսկ էստեղ ներդնում ենք նոր առարկա՝ «Ես և իմ հայրենիքը»՝ 5 և 6-րդ դասարաններում, որն ամբողջությամբ ուղղված է ինքնության ձևավորմանը, արժեքների ամրապնդմանը սովորողների մոտ: Եվ ես չեմ կարծում, որ այդ փաստաթղթերի հետ ծանոթացումը որևէ հիմք է տալիս նման դիտարկումների:

Ինչ վերաբերում է «Հայ գրականություն», «Գրականություն» բառերին, ես կուզեի նշել, որ մեր ընդդիմախոսներից շատերը, որ մեղադրում են նախարարությանը նման գործողության մեջ, մոռանում են այն մասին, որ գործող առարկայական ծրագրում մենք արդեն իսկ ունենք այդ «Գրականություն» առարկան, և մնում է զարմանալ, թե ո՞ւր էին այս բոլոր բողոքողներն այն ժամանակ, երբ որ միջին դպրոցի «Գրականություն» առարկա էր ներդրվում, և, ցավոք սրտի, ընդդիմախոս են հենց այն մարդիկ, ովքեր այդ դասագրքի հեղինակ են: Մնում է միայն զարմանալ՝ ինչպե՞ս դասագրքի հեղինակները չգիտեն, թե ինչպես էր կոչվում այն առարկան, որի համար դասագիրք են գրել:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.