Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ուզբեկստանի նախագահին՝ ծննդյան 63-ամյակի առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան օրվա առթիվ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ուղերձում ասված է․ «Հարգելի Շավքաթ Միրոմոնի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ հայտնում է, որ Արմեն Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նշելով, որ Հայաստանի և Ուզբեկստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

«Հայ-ուզբեկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք պատրաստ ենք փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին՝ համագործակցությունը համալրելով նորարարության ու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և մի շարք ոլորտների համատեղ ծրագրերով», - մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: