Թրամփն առաջին անգամ հանրային վայրում դիմակ է կրել

Դոնալդ Թրամփը պաշտպանիչ դիմակով Ուոլթեր Ռիդի ազգային զինվորական բուժկենտրոնում, Բետեսդա, Մերիլենդ, 11 հուլիսի, 2020թ.

Աշխարհում անցած 24 ժամում կորոնավիուսով ախտահարումների թիվն աճել է 220 հազարով, մահերի թիվը՝ 2 հազար 200-ով:

Ընդհանուր հաշվով աշխարհում վարակվել է ավելի քան 12 միլիոն 322 հազար մարդ, մահացել է ավելի քան 556 հազար հիվանդ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ առաջին անգամ պաշտպանիչ դիմակով է ներկայացել հանրությանը:

Թրամփն այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ հանդիպել է բուժվող զինծառայողների և բուժանձնակազմի հետ:

ԱՄՆ-ում Թրամփին շատ են քննադատել Սպիտակ տանը պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում դիմակ չկրելու համար:

Միացյալ Նահանգներում համավարակի տարածումը շարունակվում է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում վարակվել է ավելի քան 3 միլիոն 242 հազար մարդ, մահերի թիվը գերազանցել է 134 հազար 729-ը: