Իրանը հայտնել է, որ ուկրաինական օդանավը տարեսկզբին սխալմամբ է խոցվել

Բորիսպոլի օդակայանում հարգանքի տուրք են մատուցում կործանված ինքնաթիռի անձնակազմի հիշատակին, Կիև, արխիվ

Իրանի իշխանությունները երեկ տարածել են հաղորդագրություն, որի համաձայն, հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ են հունվարի 8-ին խոցել Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական քաղաքացիական օդանավը:

Իրանական պատկան մարմինների անցկացրած հետաքննության շնորհիվ պարզվել է, որ հրթիռն արձակած կայանքը նախօրեին տեղափոխել են, սակայն մարտական հաշվարկը նոր կոորդինատները չի գրանցել կայանքի ռադարի համակարգում:

Ուկրաինական օդանավը խոցվել է երկու հրթիռներով: Ողբերգական սխալի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ:

Իրանական կողմը հայտնել է, որ հրթիռային կայանքի տեղակայումը փոխելու և նոր կոորդինատները չգրանցելու արդյունքում ռադարը 107 աստիճանով շեղվել է, և Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդակայանից բարձրացած ուկրաինական ինքնաթիռը դիտվել է որպես օդակայանին մոտեցող թիրախ:

Իրանը ողբերգությունից հետո պաշտոնապես ներողություն է հայցել: Միջադեպը տեղի է ունեցել Իրանի և Ամերիկայի հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում, քանի որ դրանից հինգ օր առաջ ԱՄՆ ուժերը անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռով Բաղդադում ոչնչացրել են Իրանի հեղափոխական գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանիին:

Ուկրաինական օդանավը խոցելու օրը՝ հունվարի 8-ին, Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը: